Զարուհի Փոստանջյանի միջադեպից հետո ԵԽԽՎ կազմում փոփոխություն է արվելու. Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, հաշվի առնելով այն, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց էր ուղղել, թե ճի՞շտ է արդյոք, որ նախագահը եվրոպական խաղատներում 70 մլն եվրո է տանուլ տվել, որոշել է փոփոխություն կատարել ԵԽԽՎ–ում ՀՀ պատվիրակության կազմում։
ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է.
«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ:
ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց:
Նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք:
Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:










