Ստրասբուրգի ինքնաթիռին սպասելիս. ֆեյսբուքյան կրքեր Զ. Փոստանջյանին օդակայանում դիմավորելու խնդրով
Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում է ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարց ուղղած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ձաղկելով դիմավորելու կամ հակառակը, ի նշան աջակցության դիմավորելու հարցը:
Ոմանք «Ֆեյսբուք»-ում Զարուհի Փոստանջյանի հարցի տեսագրության տակ թողել են «շատ շնորհակալ ենք», «Փոստանջյանը ոչ առաջին անգամ է ապացուցում, որ նա սկզբունքային անձնավորություն է ...» և այլ բնույթի մեկնաբանություններ։
Օգտատերերի մի մասն էլ համակարծիք է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, ով հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանն ավելի վատ վարվեց իր այդ հարցով, քան կվարվեր որևէ թուրք կամ ադրբեջանցի։
Օգտատեր Վարդ Սիմոնյանն էլ կոչ է արել, որ թեև Զարուհին «ղալաթ» է արել, բայց օդակայան չարժե գնալ:
Կա նաև մի երրորդ կարծիք, ըստ որի, Զարուհի Փոստանջյանի հարցը համաձայնեցված է եղել ՀՀ իշխանությունների հետ: Օրինակ՝ Արմեն Զատիկյան անուն–ազգանունով մի օգտատեր գրել է.« Ըստ երևույթին, կոնսպիրացիաների մասնագետ ռեժիմը նախագծել է «ընդդիմադիր» դաշտի նոր ձևաչափ, որտեղ բազմակի օգտագործված հոգնած կուսակցությունների փոխարեն այսուհետև պետք է գործեն «սոլոընդդիմադիրները»: Այդպես ծախսը զգալիորեն քիչ կլինի, թամաշան՝ ավելի դիտարժան: Ճիշտ հայկական սերիալների պես, որոնք ներկայումս արտադրվում են մի քանի դերասանի մասնակցությամբ միայն...»
Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե «Ժառանգություն» կուսակցությունը գնալո՞ւ է օդանավակայան հաջակցություն Զարուհի Փոստանջյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը չբացառեց՝ ասելով, որ նման հարց առայժմ չեն քննարկել:
«Հիմա կուրծք ծեծող «հայրենասերները», եթե գնան ինչ-որ տենց բան անեն, քաղաքացի են, իրենց, իրավունքն է, իրենց բողոքելու ձևն է, որևիցե արտառոց բան չեմ գտնում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Ի պատասխան հարցի, թե կրկին վերհիշել են Զարուհու «լեզու հանելու» պատմությունը կամ որ նա ԱԺ երկու կատվի ձագ է բերել, («Հրապարակ» օրաթերթ), «Ժառանգության» անդամն ասաց.«Ուրեմն երբ որ մարդու ներվին կպնում ես, սկսում են ամեն մի անկապ բան ասել, փորձում ինչ-որ բռնվելու տեղեր գտնել, որովհետև իրենց «վոժդին է կպել»»:
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ Tert.am-ին ասաց, որ առանձնակի որևէ բան մեկնաբանելու կարիք չկա: «Մենք քաղաքական գործիչներ ենք, մեր մասին և՛ լավը կգրվի, և՛ վատը։ Եթե հրապարակային քաղաքական գործիչ ենք,ապա, բնականաբար, նման բաներին թեթև ենք նայում»,- ասաց նա:










