Վ. Հովհաննիսյանի դեսպան դառնալը չի նշանակում, որ ՀՅԴ չի պահանջում իշխանափոխություն. Աղվան Վարդանյան

13:46 • 04.10.13

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անիմաստ է համարում հարցը, թե ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց հետո, ՀՅԴ-ն այլևս չի պահանջի իշխանափոխություն։

«Դուք տեսե՞լ եք, որ մենք ասենք, որ իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,-հարցին հարցով պատասխանեց նա և ավելացրեց, թե այս թեմայով Վահան Հովհաննիսյանն էլ, իրենք էլ բազմաթիվ հարցազրույցներ են տվել, բացատրել թե ինչու են գնացել այդ քայլին։

Աղվան Վարդանյանը կրկնեց, թե մեկ հարց կար, արդյոք Վահան Հովհանիսյանի դեսպան դառնալը օգուտ է մեր երկրին, թե ոչ և բացատրեց, թե կցանկանար, որ բոլոր դեսպանները նրա փորձն ու հմտությունները, անհատականությունն ու աշխարհայացքն ունենային։ Նրա խոսքով՝ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալուց երկիրը կշահի։

«Այստեղ հարց է առաջանում, իսկ կտո՞ւժի Դաշնակցությունը՝ հաշվի առնելով լրատվամիջոցների արձագանքից, գուցե, կուսակցությունը տուժի, բայց կուսակցությունը երկրի համար է, ազգի համար է, ոչինչ դրան էլ կդիմանանք», -եզրափակեց նա։