Շնորհակալություն հայտնեք ձեր ուսուցիչներին. տոնին ընդառաջ խնդրեց ԿԳ նախարարը

14:32 • 04.10.13

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի տոնին ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ խնդրանքով, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն այս երեք օրերի ընթացքում շնորհակալություն հայտնեն իրենց ուսուցիչներին: «Ես խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին այս երեք օրերն օգտագործեն իրենց ուսուցիչներին սովորական, բայց ինքնաբուխ շնորհակալություն ասելու համար: Հավատացեք, դրանով այդ մարդկանց աշխատանքը մեկ տարվա ընթացքում շատ ավելի արդյունավետ կլինի»,- այսօր նախարարությունում անցկացված ուսուցիչների պարգևատրման արարողությանն ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ խնդիրներն, իհարկե, չեն անտեսվում, բայց այսօր իրենք միայն լավ բաներից են խոսելու: Այստեղ նա հիշեցրեց, որ ուսուցիչների աշխատավարձերը 2014թ.-ի պետբյուջեով կբարձրանան, իսկ թե որքանով կբարձրանան, Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել ֆինանսների նախարարից:

Նշենք, որ նախարարությունը կազմակերպել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները, և հաղթողները վաղը կպարգևատրվեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից: Իսկ այսօր նախարարը պարգևատրեց «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մանկավարժներին:

Այս տարի «Ucom» ընկերությունը հանրապետության 10 լավագույն ուսուցիչներին հեռուստացույցներ նվիրեց: