Ասադի խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե նա կդնի իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ դեռ վաղ է ասել, թե նա արդյոք կդնի իր թեկնածությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է Associated Press-ը:
Այս մասին նախագահն ասել է թուրքական Halk TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ասադի խոսքով՝ «պատկերն ավելի պարզ կլինի» հաջորդ չորս-հինգ ամիսներին, որովհետև Սիրիան «սրընթաց» փոփոխությունների միջով է անցնում:
Ասադը Սիրիայի նախագահն է 2000 թվականից, նրա երկրորդ 7-ամյա ժամկետն ավարտվում է 2014 թվականին:
Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում նրան տեսնել նախագահի պաշտոնում և ցանկանում է, որ նա փոխանցի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը մինչ նոր ընտրությունների անցկացումը:
Ասադն ասել է, որ եթե նա զգա, որ սիրիացիները չեն ցանկանում իրեն տեսնել այդ պաշտոնում, նա «չի դնի իր թեկնածությունը»:










