Սիրիացի փախստականները գրավել են ֆրանսիական Կալե նավահանգիստը

15:52 • 04.10.13

Ֆրանսիական Կալե նավահանգստում սիրիացի փախստականներն արգելափակել են հետիոտնի կամուրջը, որը տանում է այն հատվածը, որտեղից նավերը գնում են դեպի Անգլիա: Նրանք պահանջում են հնարավորություն տալ իրենց գնալ Մեծ Բրիտանիա, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Նավահանգիստ այցելած ոստիկանները փորձել են դուրս հանել ցուցարարներին: Սակայն երկու սիրիացի բարձրացել է տերմինալի տանիքին և սպառնացել նետվել այնտեղից, եթե նրանց պահանջները չիրականանան:

 

Արդյունքում՝ ոստիկանությունը հրաժարվել է ուժային գործողություններից և ցուցարարների հետ բանակցություններ սկսել: Պա-դե-Կալեի դեպարտամենտի հսկիչ Դենի Ռոբենն առաջարկել է սիրիացիներին դիմում ներկայացնել Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման դիմում հաջողության 95 տոկոս հավանականություն ունի:

 

Սիրիացիները, սակայն, հրաժարվել են ֆրանսիական իշխանությունների առաջարկներից և մտադիր են կապ հաստատել բրիտանացի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ հենց Մեծ Բրիտանիայում, քանի որ կարծում են, որ այնտեղ կենսապայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքն ավելի լավը կլինի, քան այլ երկրներում:

 

Մոտ 20 սիրիացի հացադուլ է հայտարարել: