«ԴիջիԹեք էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսին Սերժ Սարգսյանին դիմավորեց նաև «խելացի» շախմատի տախտակը (լուսանկարներ)
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո 2013» 9-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում էին տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ, ըստ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, առավել մեծ ծավալով ու նոր ձևաչափով է։
«Այն ընկերությունները, որոնք մինչ այս ընդհանրապես Հայաստանը չէին դիտարկում որպես շուկա, այստեղ են և ոչ միայն դիտարկում են Հայաստանը որպես շուկա, այլ նաև ներկայացված են լավ լուծումներով, որպեսզի կարողանան ներգրավել լավագույն ինժեներներին ու տաղանդներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը։
Ըստ նրա, էական փոփոխություններ կան ռոբոտաշինության բնագավառում։ «Եթե մենք մինչ այժմ ցուցադրում էինք մրցումները, ապա երեք-չորս ընկերություն ներկայացնում են իրենց լուծումները՝ սկսած ուսումնական ռոբոտներից, վերջացրած անօդաչու թռչող սարքերով, արտադրվող արտահանման համար»,- նշեց նա։
Կարեն Վարդանյանն ընդգծեց, թե երեք խոշոր ընկերություն Հայաստան են մտել հենց «ԴիջիԹեքի» միջոցով։
«Հիմնական կարևորությունն այն է, որ բարձր տեխնոլոգիական համայնքը միասին է, և կոնսոլիդացված է հանդես գալիս, և սա հասարակությանն էլ հնարավորություն է տալիս տեսնել, որ Հայաստանի համար բարձր տեխնոլոգիական ապագան շատ կոնկրետ գործողություններ են, որտեղ մարդիկ աշխատում են»,- եզրափակեց նա։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում Սլավոնական համալսարանի ասպիրանտ Վահան Գասպարյանը դիմավորեց իր իսկ ձեռքով պատրաստած «խելացի» շախմատի տախտակով։
«Խելացի շախմատը կատարված քայլին ի պատասխան քայլ է կատարում, ֆիգուրան շարժում է համապատասխանաբար»,- Tert.am-ին ներկայացրեց հեղինակը՝ նշելով, թե գաղափարն իր մոտ վաղուց էր, և ցուցահանդեսը հարմար առիթ էր գաղափարն իրականացնելու։ «Նման բաներ անշուշտ կան աշխարհում, ուղղակի սեփական ձեռքերով ստեղծել, հավատացեք, որ շատ հետաքրքիր է»,- ասաց նա։
Միջազգային ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով նշեց, թե ոլորտը զգալի աճ է ցուցաբերում` շուրջ 20%։ «Աճում է նաև տնտեսական զբաղվածությունը, այս տարի 700-ից 1000 նոր աշխատատեղեր են բացվել»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ցուցահանդեսին ավանդական խոշոր հայկական ընկերությունների կողքին են նաև նորերը, որոնք առաջին քայլերն են անում այս ոլորտում։
«Ուրախալի է տեսնել դպրոցահասակ երեխաներին, որոնք առաջին քայլերն են անում ռոբոտաշինության ոլորտում, և համոզված ենք, որ նրանք ապագայում լավ մասնագետ են լինելու և համալրելու են ծրագրավորողների բանակը»,- նշեց նա։
Հայաստանյան տեխնոլոգիական առաջընթացին հետևելու էր եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Ցուցահանդեսը կտևի 3 օր՝ հոկտեմբերի 4-6ը։










