«ԿԱՄԱԶ»-ի երևանյան նորաբաց կենտրոնը կսպասարկի նաև ՊՆ ռազմական և կրկնակի նշանակության տեխնիկան
Երևանում այսօր բացվեց «ԿԱՄԱԶ» ընկերությունների խմբի «Կամազ-Արմենիա» առևտրի և սպասարկման կենտրոն, որն ինչպես լրագրողների հետ զրույցում «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալստյանն ասաց, հիմնադրվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի համաձայնագրերի հիման վրա և ունի երկու նպատակ:
«Առաջինը`սպասարկել ՀՀ ՊՆ ռազմական և կրկնակի նշանակության տեխնիկան, որը կառուցված է «Կամազ» մակնիշի տրանսպորտային մեքենաների հիմքի վրա: Երկրորդ` մտնել մասնավոր հատված`«Կամազ» մակնիշի նոր մոդելային շարքով»,- ասաց նա:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը , ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքով, ծանոթացան իրականացված աշխատանքներին:
Բացման արարողության ժամանակ «Կամազ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը նշեց, որ իրենք մեծ հաճույքով են ներկա գտնվում կենտրոնի բացման արարողությանը և շնորհակալության հայտնեց նախագահին: «Հայաստանը զարգանում է: Մենք դա տեսնում ենք և շարունակելու ենք աջակցել ՀՀ-ի զարգացմանը»,- ասաց նա՝ մշելով, որ «ԿԱՄԱԶ» ընկերությունը միշտ էլ աչքի է ընկել իր որակյալ արտադրանքով և իրենք ուրախ են ներկայացած լինել նաև հայաստանյան շուկայում:
Նշենք, որ այսօրվա դրությամբ «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ ընկերությունում աշխատում է 15 մարդ: Մինչև 2013թ նոյեմբերը ընկերությունը նախատեսում է ավելացնել աշխատողների թիվը` հասցնելով 30-ի: «Կամազ-Արմենիա» նորաբաց առևտրի և սպասարկման կենտոնը (ԱՍԿ) նախատեսված է «Կամազ» ԲԲԸ արտադրած տարբեր մոդիֆիկացիաների մեքենաների սերվիսային և երաշխիքային սպասարկման, տեխնիկական շահագործման և մատակարարման համար:
Ընկերությունը Հայաստանի հետ համագործակցում է ավելի քան 25 տարի:
Ապագայում ԱՍԿ-ում նախատեսվում է իրականացնել ավտոմեքենաների կապիտալ վերանորոգում` արդիականացման և վերասարքավորման հետ համատեղ: Կամազյան ավտոպարկի ԱՍԿ-ն նախատեսված է տարեկան 300 միավոր տեխնիկայի սպասարկման համար: Ձեռնարկությունը ամբողջովին հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչը թույլ է տալիս իրականացնել նաև տեխնոլոգիապես համատեղելի ավտոմեքենաների խմբի վերանորոգում և սպասարկում:












