Իտալիայի ափերի մոտ զոհված ներգաղթյալների թիվը հասել է 300-ի
Իտալական Լամպեդուզա քաղաքի մոտ նավաբեկության հետևանքով զոհված ներգաղթյալների թիվը հասել է 300-ի, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն: Ավելի վաղ նշվում էր 133 զոհի մասին:
Առափնյա պաշտպանության նավերը և տեղի ձկնորսները կարողացել են մոտ 150 մարդու փրկել: Ջրասույզները պնդում են, որ 40 մ խորության վրա ջրի տակ անցած նավում դեռ տասնյակ մարմիններ կան:
Հայտնի է, որ 20-մետրանոց նավը 500 ներգաղթյալներով դուրս էր եկել լիբիական Միսուրատա նավահանգստից և ուղղվել Իտալիա: Շարժչի կանգից հետո բաց ծովում մնացած մարդիկ վերմակ են այրել, որպեսզի ուշադրություն գրավեն, սակայն դրանից հրդեհ է բռնկվել, ինչն էլ նավի կործանման պատճառ է դարձել:
SkyNews-ը հայտնում է, որ ողբերգության զոհերի հիշատակը կհարգվի ամբողջ Իտալիայի տարածքում` մեկ րոպե լռությամբ:










