Օբամա-Պուտին հանդիպումը չի կայանա՝ ԱՄՆ-ի կառավարության «անջատման» պատճառով

08:35 • 04.10.13

ԱՄՆ-ում դաշնային բյուջեի հաստատման հետ կապված բարդությունները ստիպել են նախագահ Բարաք Օբամային չեղյալ համարել Ինդոնեզիա այցը, որի ժամանակ նա պետք է մասնակցեր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով AFP-ին, որն էլ իր հերթին՝ Սպիտակ տան ներկայացուցչին։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման չեղյալ է համարել Մալայզիա և Ֆիլիպիններ այցը։

 

Գագաթնաժողովն անցկացվելու է Բալի կղզում։ Ուղևորությունը նախատեսվում էր հոկտեմբերի 6-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կունենա գագաթնաժողովի շրջանակում, որի ժամանակ նրանք կքննարկեն Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

 

Օբամայի փոխարեն գագաթնաժողով կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

 

 

Պետհաստատությունների ֆինանսավորումն ԱՄՆ-ում դադարեցվել է երեքշաբթի օրվանից, քանի որ կոնգրեսականներին այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ բյուջետային օրենքի շուրջ մինչ նոր ֆինանսական տարվա մեկնարկը։