Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ կազմից արագ հեռացնելը պատիվ չի բերի ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ Հովիկ Աբրահամյանին. Ռուբիկ Հակոբյան

12:43 • 04.10.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ԱԺ ճեպազրույցների ժամին արձանագրեց, որ շատ ծանրաբեռնված քառօրյա էր՝ համաներում, դատախազի քվեարկություն, և Ստրասբուրգի հայտնի զարգացումները՝ կապված Զարուհի Փոստանջյանի հարցի հետ։ Այնուհետև նկատեց, որ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ կազմից հեռացնելու որոշումը պատիվ չի ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ԱԺ նախագահին։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ԵԽԽՎ կազմը փոխելու և Զարուհի Փոստանջյանին հեռացնելու որոշմանը, նշեց, թե նրա հետ քննարկում եղել է, որի ժամանակ ինքը խորհուրդ է տվել, որ նման հայտարարություն չանի։

«Ես ասացի, որ դեմ եմ այդ հայտարարությանը, ունենք կանոնակարգ օրենք, որ ըստ Դոնթի բանաձևի՝ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է իր թեկնածուն որոշում, բայց վերջնական կազմը հաստատում է ԱԺ նախագահը։ Խոսքը ոչ միայն ցանկության մասին է, այլ հնարավոր է, որ մեր կանոնակարգ օրենքում հակասություն լինի»,- նշեց նա։

Ըստ նրա, նման արագ որոշումը պատիվ չի բերի ոչ ոքի։ «Դա պետությանը պատիվ չի բերում, երբ հայտարարում են, որ մենք ժողովրդավարական պետություն ենք և միանգամից հեռացնում են ԵԽԽՎ կազմից, դա ոչ պետությանն է պատիվ բերում, ոչ իշխանությանը, ոչ առավել ևս Հովիկ Աբրահամյանին»,- նշեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, խմբակցությունը պատրաստվո՞ւմ է դատապարտել Փոստանջյանի արարքը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, թե կարծում է կանդրադառնան այդ հարցին, Փոստանջյանի վերադարձից հետո։ Նա հավատացրեց, թե նույնիսկ հեռախոսով Փոստանջյանի հետ չի խոսել։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով նման սցենարների նախորդ դեպքերը, երբ սուր հայտարարությունից հետո որոշ քաղաքական գործիչներ պաշտոններ ստացան հենց իշխանությունից, արդյոք հնարավո՞ր է Զարուհի Փոստանջյանն էլ նման պաշտոն ստանա, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե հարցը հռետորական է։

«Ես չեմ պատրաստվում ենթադրություններին պատասխանել, եթե մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ արտահայտություններ ու գնահատականներ են արել, այդ մարդիկ այսօր էլ կան, կարող եք իրենց դիմել»,- նշեց նա։

Իսկ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցված հարցերի մասին ասաց. «Քաղաքական ամբիոնը լիարժեքորեն պետք է օգտագործվի քաղաքական հայտարարությունների համար և պետության առաջնահերթությունները պետք է առաջ տանել»։