Տիգրան Առաքելյանը ազատության մեջ կարող է լինել ոչ շուտ, քան երկուշաբթի

16:03 • 04.10.13

Մամուլի մի շարք լրատվամիջոցների կողմից քաղբանտարկյալ ճանաչված «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը չի կարող ազատության մեջ հայտնվել ոչ շուտ, քան երկուշաբթի: Tert.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ վերաքննիչ դատաքննության վարույթում գտնվող Տիգրան Առաքելյանի նկատմամբ համաներում կարող է տարածվել միայն դատարանի միջոցով:

«Իսկ դատական նիստը նշանակված է երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հենց այդ օրը ոչ թե համաներումը կիրառվի, այլ Տիգրանը հայտնվի ազատության մեջ՝ մեր խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ, քանի որ համաներման որոշումը կարող է իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվել վերջնական որոշմամբ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը՝ ավելացնելով, որ դատավարությունը դժվար թե հաջորդ դատական նիստին ավարտվի և վերջնական որոշում կայացվի:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորված է՝ 2011 թ. օգոստոսին մայրաքաղաքի Խնկո Ապոր գրադարանի հարևանությամբ ոստիկանների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի արդյունքում: Նշենք, որ Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը ընդամենը մի քանի օր առաջ մերժեց «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորագրով փոխարինելու միջնորդությունը, որի տակ ստորագրել էին 110 հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:


Սակայն հիմա քաղաքական իրավիճակը, հայտարարված համաներմամբ, փոխվել է, և Եվա Դարբինյանը հնարավոր է հիմա այլ հիմքով ներկայացված միջնորդությունը բավարարի:


Լուսանկարը՝   168.am-ի