Բալիում մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը
Ինդոնեզական Բալի կղզում այսօր մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների եռօրյա գործարար գագաթնաժողովը, հայտնում է Взгляд-ը:
Իրական խորհրդակցություններն ու նիստերը կսկսվեն միայն կիրակի։ Պատվիրակների ընդհանուր թիվն ավելի քան 1.000 է։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև համաշխարհային առաջնորդներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի նոր աղբյուրներ» թեմայով։
Պուտինի ելույթից առաջ նախատեսված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, որը, ինչպես հայտնի դարձավ նախօրեին, չի մասնակցի գագաթնաժողովին՝ ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով։
Նրա փոխարեն ելույթ կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Նրա ելույթի թեման է «Ամերիկայի ղեկավարման դերն ու առաջնահերթությունները. ինչ են դրանք նշանակում աշխարհի համար»։
ԱԽՏՀ-ին մասնակցում են ՌԴ-ի, Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Պերուի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Չիլիի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչները։










