Եգիպտոսում վերսկսել են բախումները. 34 մարդ է զոհվել
Եգիպտոսից ստացված տեղեկությունների համաձայն` առնվազն 34 մարդ է զոհվել Կահիրեում անվտանգության ուժերի և գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հաղորդում է BBC-ն:
Մուրսիի կողմնակիցները փորձել են մոտենալ Թահրիր հրապարակին, որտեղ անցկացվում է Իսրայելի դեմ պատերազմի 40-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունը: Սակայն բանակայիններն ու ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել և օդ կրակել` փորձելով հետ մղել իսլամիստներին:
Ավելի վաղ Մուրսիի կողմնակիցները հայտարարել էին, որ պատերազմի տարելիցի ժամանակ դուրս կգան փողոց` ի նշան բողոքի Մուհամեդ Մուրսիին նախագահի պաշտոնից հեռացնելու դեմ, ինչը վերջիններս զինվորական հեղափոխություն են համարում:
Եգիպտոսի այլ քաղաքներում ևս բախումներ են տեղի ունենում:










