Իրաքյան դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, որից 12-ը երեխա
Իրաքի հյուսիսում գտնվող Թալ-Աֆար գյուղում պայթուցիկներով պատված մեքենան, որի ղեկին է եղել մահապարտ ահաբեկիչը, օդ է բարձրացել դպրոցի խաղահրապարակի մոտակայքում: Միջադեպից րոպեներ առաջ ևս մեկ մեքենա պայթել է մոտակայքում տեղակայված ոստիկանական բաժանմունքի մոտ: Տեղի իշխանությունների տվյալներով 15 մարդ է զոհվել, որոնցից 12-ը` երեխաներ, իսկ 70-ից ավելին վիրավոր են: Դպրոցի շենքը մասնակիորեն ավերվել է, հայտնում է Russia Today-ը:
Իրաքի հյուսիսային գյուղի վրա հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Սակայն ոստիկանները կասկածում են «Ալ-Կաիդային» առընթեր սունի ծայրահեղականներին:
Անցյալ շաբաթը վերջին 5 տարիների ընթացքում ամենարյունալին էր Իրաքում: Ահաբեկչությունների հետևանքով երկրի տարբեր հատվածներում զոհվել էր 80 մարդ, փոխանցում է France-Pressе գործակալությունը:
ՄԱԿ-ի տվյալներով` տարվա սկզբից տեղի ունեցող զինված բախումների և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է Իրաքի 5000 բնակիչ:










