Բեռլուսկոնին 1 տարի աղբ կհավաքի

12:09 • 07.10.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է տնային կալանքից՝ նախապատվությունը տալով 1 տարվա հասարակական աշխատանքին, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանին։

 

Սա նշանակում է, որ 77-ամյա միլիարդատերն այլ դատապարտյալների հետ ստիպված կլինի ուղիղ 1 տարի աղբ հավաքել, այգիներում խոտ կտրել, ներկարարությամբ զբաղվել և այլ հասարակական աշխատանք կատարել։

 

Այժմ Բեռլուսկոնիի փաստաբանները փորձում են այնպես անել, որ նախկին պաշտոնյան հասարակական աշխատանքը կատարի ոչ թե իր հարազատ Միլանում, այլ Հռոմում։

 

Մի քանի բարեգործական խմբեր ու կրոնական կազմակերպություններ արդեն դիմել են Բեռլուսկոնիին, որպեսզի վերջինս համաձայնվի իրենց հետ կատարել հասարակական աշխատանքը։

 

Կաթոլիկ քահանա Անտոնիո Մացին նշել է, որ Բեռլուսկոնին պետք է ինչ-որ ստորացուցիչ աշխատանք կատարի, օրինակ՝ մաքրի զուգարանները, որպեսզի քավի իր մեղքերը։

 

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բեռլուսկոնին հարկերի վճարման հետ կապված խարդախության գործով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա տարիքը՝ դատարանն ազատազրկման ժամկետը կրճատել է մինչև 1 տարի։