Փակ շուկան՝ որպես մշակութային հուշարձան, դիտավորյալ չեն քանդել, ասում է ոստիկանության ներկայացուցիչը
Չնայած Երևանի «Ծածկած շուկան» («Փակ շուկա») այսօր բացվել է արդեն որպես սուպերմարկետ, այդուհանդերձ «Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր կլոր-սեղան քննարկում էր հրավիրել, որպեսզի պետական պատկան կառույցների ներկայացուցիչներից պատասխան ստանա, թե ո՞ւմ մեղքով է հանրապետական նշանակության հուշարձանը «Երևան Սիթի» սուպերմարկետի վերածվել։ Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց, թե մշակութային արժեքների ոչնչացում որպես այդպիսին դիտավորությամբ չի իրականացվել։
Քննարկմանը հրավիրված էին հարցին առնչություն ունեցող բոլոր պատկան մարմինները, որոնցից ներկայացել էին միայն ՀՀ ոստիկանության և Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները։ Մյուս գերատեսչությունները՝ քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, Պետեկամուտների կոմիտե, Կադաստր, Գլխավոր դատախազություն և այլն, բացատրություն տալու չէին եկել։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, թե քանի որ ներկայացուցիչներ չկան ո՛չ Մշակույթի նախարարությունից, ո՛չ էլ քաղաքապետարանից , ինքը կներկայացնի թե իրականում ինչ փոփոխություն կարող էր անել սեփականատերը՝ ըստ թույլտվության։
«Նախարարությունը հարցը քննարկել է և թույլտվություն է տվել «Ծածկած շուկայի» մսի պասաժի սրահում փոփոխություն իրականացրել, իսկ մնացած մասը պահպանել, նաև թույլտվություն՝ ստորգետնյա շինարարություն սկսելու համար։ Հետո 6-7 արձանագրություն կա, որտեղ մանրամասն ներկայացնում է, թե ինչ խախտումներ են թույլ տրվել»,– ասաց նա։
«Քաղաքապետարանն էլ իր հերթին տուգանել է, քանի որ շուկայի կեսը քանդվել է առևտրի սրահի, հետո էլի մյուս կեսն է քանդվել։ Որոշվել է վերականգնել, բայց հետո շուկայի տարածքը փակվել է, մուտքն ու ելքը փակվել են և այլևս ոչինչ հայտնի չէր, թե ինչ էր արվում ներսում»,- ավելացրեց Սաշուր Քալաշյանը։
Նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց, որ արդեն առևտուր է իրականացվում՝ առանց ՊԵԿ-ի և Կադաստրի թույլտվության։
Ներկաններից մեկը հարցրեց, թե եթե շուկան բացվել է, ապա ինչո՞ւ ակտիվիստները այնտեղ չեն, բողոքելու։ Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոստիկանները և պատկան մարմինները ներկա չեն»։
ՀՀ Ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Մեսրոպ Հակոբյանը հայտարարեց, թե իրենք բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել և համոզվել, որ մշակութային արժեքների ոչնչացում որպես այդպիսին դիտավորությամբ չի իրականացվել։
«Եթե որպես մշակութային արժեքը քանդելու հարց եք բարձրացնում և թղթերով նայում եք, որ կատարվել են շինաշխատանքներ, կհասկանաք, որ կազմակերպությունը ստացել է որոշակի թույլտվություն, և հասել են մի փուլի, որ անհրաժեշտություն է եղել ավելի ընդլայնել, որի արդյունքում, գուցե, պատմամշակութային որոշակի դետալներ քանդվել են։ Օրինակ` ստորգետնյա ավտոկանգառի հետ կապված, դրա թույլտվությունը կար, բայց անհարժեշտություն է առաջացել կամարների հետ կապված փոփոխություն անել, այսինքն՝ գործից գործ է առաջացել։ Ոստիկանության տեսանկյունից դիտավորություն տեսնել չենք կարող, խնդրում եմ ճիշտ հասկացեք»,- նշեց նա։
Գարեգին Չուգասզյանը հակադարձեց, թե օրենքը հաստատում է ապօրինությունների կարգը։ «Մենք ունենք պատկան մարմինների կարծիքները, ովքեր դիմել են գլխավոր դատախազություն և պատասխան չեն ստացել։ Այն մարմինների կողմից արված մասնագիտական որոշման հիման վրա արդեն պետք է արձագանքեք»,- ասաց նա։
Ոստիկանության ներկայացուցիչը կրկնեց, որ իրենց ձեռքի տակ փաստաթղթերի հերթականությունը ցույց է տալիս, որ չեն կարող դիտավորություն տեսնել։
Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության տեսչության պետ Սևադա Հայրապետյանը հաստատեց, որ որևէ պետական մարմին չի դիմել ոստիկանություն՝ ո՛չ Մշակույթի նախարությունը, ո՛չ էլ Քաղաքապետարանը։
Ըստ նրա՝ եղել է թույլտվություն շինարարություն իրականացնել մինչև զրոյական նիշը, որտեղ եղել է քաղաքապետի թույլտվությունը։ «Դրանից հետո պետք է զրոյից բարձր նիշի շինարարական թույլտվություն լիներ, ինչը չկա մինչև հիմա»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում ո՞վ պետք է դիմեր ոստիկանություն, նա նշեց, թե դա իրենց գործը չէ և իրենք արել են իրենց վերապահված լիազորությունները, որպեսզի շենքը դրվի իրական քաղաքաշինական նորմերի վրա։
«Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության Վարդան Հակոբյանը նշեց, որ Դատախազությունից իրենց գրավոր պատասխան էր տրվել, թե գործը փակվել է, քանի որ այնտեղ հանցակազմ չկա։
Թե ի վերջո ինչ քայլեր են նախապատրաստում անել, Վարդան Հակոբյանը պատասխանեց, որ արդեն կա դատական գործընթաց։ «Զարուհի Փոստանջյանն էլ է դիմել, այսօր նիստ պետք է լիներ, որը հետաձգել են, էլի դատական հայցեր կլինեն՝ հիմնված այն փաստաթղթերի վրա, որոնց մասին չգիտենք»,- նշեց նա՝ նկատի ունենալով ոստիկանության ներկայացուցչի հղում արած փաստաթղթերը, որոնք նրա ձեռքի տակ չկան։










