Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ
Ժնևում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարևորել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միության տարած հաղթանակի կապակցությամբ:
Նա բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, և մենք վճռական ենք եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Անդրադառնալով վերջին զարգացումներին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով և շարունակում է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե եվրոպական գործընկերների, և թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ: Նրա խոսքով` Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես է եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չի անտեսել երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:
Կարևորելով Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական և տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովը նույնպես պատրաստակամ է 2014 թվականից երկու ուսանող ընդունել՝ հնարավորություն ընձեռելով գերմանացի ուսանողներին ծանոթանալու Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգին:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ներկայացրել խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում ներքաղաքական իրավիճակը, Բունդեսթագում քաղաքական ուժերի հարաբերակցությունը:
Նորբերթ Լամմերթը կարևորել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական գործակցության խորացումը, համագործակցության ամրապնդումը մի շարք ոլորտներում:
Բունդեսթագի նախագահը շեշտել է, որ Գերմանիան շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով` նշելով, որ վերջին զարգացումները չեն նվազեցրել հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, և Գերմանիան հարգանքով է վերաբերվում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը:
Նա նույնպես կարևորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը և նշեց, որ որքան կայուն ընթանան ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, այնքան ավելի դինամիկ կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Հանդիպման վերջում Բունդեսթագի նախագահը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրվել է Գերմանիա:










