Իրանում ջինս կրում են. բլոգերներն արձագանքել են Իսրայելի վարչապետի հայտարարությանը
Իրանցի բլոգերները ծաղրուծանակի են ենթարկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին` Reuters-ին տված հարցազրույցում արված անզգույշ դիտարկումների համար: Ըստ այդմ, փոխանցում է RBC-ն, իրանցիներն ազատ ազգ չեն, քանի որ ջինս չեն կրում, արևմտյան երաժշտություն չեն լսում և ազատ ընտրություններ չեն անցկացնում:
Իրանի բնակչությունը բուռն է արձագանքել այս դիտարկումներին, որտեղ չնայած որոշակի հագուստի սահմանափակումներին, ջինսն արգելված չէ: Իսկ բլոգերներն անմիջապես հրապարակել են իրենց լուսանկարները` ցույց տալու համար, թե ինչ աստիճանի գաղափար չունի իսրայելցի պաշտոնյան:
Իսկ Twitter-ում ջինսի վաճառքի խանութներից մեկի լուսանկարին կից գրության մեջ ասվում է. «Պրն Նեթանյահու, ահա զանգվածային ոչնչացման զենքի վաճառքի իրանական խանութներից մեկը»:
Իր հարցազրույցում Նեթանյահուն քննադատել էր նաև միասեռականների և կանանց վիճակն Իրանում և ասել, որ ընտրությունները, որոնցում հաղթել էր Հասան Ռոհանին, ազատ չեն եղել:










