Լրագրողներին հեռացրել են ԱԽՏՀ գագաթնաժողովից՝ Ֆիլիպինների նախագահին ուղղված հարցերի պատճառով
Բալի կղզում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի կազմակերպիչները հավատարմագրությունից զրկել են Հոնկոնգից մի քանի լրագրողների՝ Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոյի մամուլի ասուլիսի ընթացքում «ոչ պատշաճ վարքագծի համար», գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ասուլիսի ժամանակ Հոնկոնգից լրագրողները սկսել են Մանիլայում 2010 թվականի պատանդառության դեպքի հետ կապված հարցեր տալ նախագահին: Այդ ժամանակ սպանված պատանդների թվում եղել է Հոնկոնգից ութ զբոսաշրջիկ: Լրագրողներն Ակինոյից պահանջել են, որ նա պատասխանի, թե արդյոք պատրաստվում է գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հոնկոնգի ղեկավար Լյան Չժենինի հետ և ներողություն խնդրել Մանիլայում սպանված պատանդների ընտանիքներից:
Ֆիլիպինների նախագահը չի պատասխանել հարցերին, իսկ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս են հանել սրահից։ Նրանց հավատարմագրումը չեղյալ է համարվել:










