Հրվ. Կորեան գումար է տրամադրել ապառազմականացված գոտում խաղաղության պուրակի կառուցման համար

12:53 • 07.10.13

Հարավային Կորեայի կառավարությունը բյուջեից 40.2 մլրդ վոն (37.46 մլն դոլար) է տրամադրել երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտում խաղաղության պուրակի կառուցման համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Չոսոն իլբո» պարբերականին։

 

Նման պուրակի կառուցումը նախագահ Պակ Կըն Հեի նախընտրական խոստումներից մեկն է եղել։ Նախագծի իրականացումը հանձնարարված է Միավորման նախարարությանը, որը համակարգում է Հյուսիսի և Հարավի միջև փոխհարաբերությունների բոլոր ոլորտները։

 

Օգոստոսի 15-ին, ելույթ ունենալով Կորեայի վերածննդի օրվա կապակցությամբ, նախագահն առաջարկել է Փհենյանին մասնակցել խաղաղության պուրակի կառուցմանը։

 

Միջոցների գրեթե 60%-ը կամ ավելի քան 24 մլրդ վոն կհատկացվի տարածքն ականներից մաքրելուն։ Համաձայն որոշ տվյալների՝ հակամարտության տարիներին երկու Կորեաներն այս տարածքում ավելի քան 1 մլն ական են տեղադրել։

 

Որոշ տեղացի փորձագետներ անհանգստություն են հայտնել, որ հարավկորեական կառավարությունը բյուջետային միջոցներ է տրամադրել՝ չսպասելով Հյուսիսային Կորեայի համաձայնությանը։

 

Կյոնամ համալսարանից Լիմ Յուլ Չհոլի կարծիքով՝ Հյուսիսը կարող է պուրակի ստեղծումը որպես իր անվտանգության «սպառնալիք» գնահատել։

 

«Բյուջետային միջոցները չեն օգտագործվի, մինչ երկու Կորեաները համաձայնության չգան այս նախագծի շուրջ»,- հայտնել է Միավորման նախարարության ներկայացուցիչը։