Իննամյա տղային հաջողվել է առանց տոմսի մեկնել Լաս Վեգաս

09:33 • 07.10.13

Մինեապոլիս-Լաս Վեգաս չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմն օդանավում 9-ամյա տղայի է հայտնաբերել, որը տոմս չի ունեցել և առանց մեծերի ուղեկցության է եղել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Երեխան կարողացել է անցնել անվտանգության ծառայության ստուգումները և մտնել ինքնաթիռ, իսկ անձնակազմը միայն չվերթի կեսին է հայտնաբերել, որ ինքնաթիռում առանց տոմսի ուղևոր կա։

 

Լաս Վեգասում երեխային հանձնել են ոստիկանությանը:

 

Օդանավակայանի տեսախցիկներից հնարավոր է եղել պարզել, որ երեխան չվերթից մեկ օր առաջ է հայտնվել Մինեապոլիսի օդանավակայանում: Նա գնացել է սրճարան, ուտելիք պատվիրել, և ձևացնելով, թե գնում է զուգարան՝ հեռացել առանց վճարելու:

 

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունից հայտնել են, որ նա կարողացել է շրջանցել անվտանգության ծառայությունը, քանի որ իրենք զբաղվում են վտանգ ներկայացնող ուղևորների հայտնաբերմամբ, այլ ոչ նրանց, ովքեր տոմս չունեն: