Մարոկկոյի գործազուրկները բողոքի երթ են կազմակերպել և պահանջել կառավարության հրաժարականը
Մարոկկոյի գործազուրկները մայրաքաղաք Ռաբաթի կենտրոնում բողոքի խաղաղ երթ են կազմակերպել։ Ակցիայի կարգախոսը, որին մասնակցել է մոտ 3 հազ. մարդ, դարձել է «Ընդունի՛ր աշխատանքի կամ հեռացի՛ր», որն ուղղված է երկրի նախարարների կաբինետին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ցուցարարները մեղադրում են վարչապետ Աբդելիլահ Բենկիրանի կառավարությանը պետական հատվածում անհրաժեշտ քանակությամբ նոր աշխատավայրեր չստեղծելու համար՝ բուհերի շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու նպատակով։
Երթի մասնակիցները քննադատել են «Արդարություն և զարգացում» կուսակցության սոցիալ-տնտեսական ուղղությունը՝ զբաղվածության ոլորտում իշխանությունների քայլերն անվանելով անհաջող։
«Մենք դեմ ենք այն քաղաքականությանը, որը հանգեցնում է աղքատացման»,-իրենց դիրքորոշումը բացատրել են ցուցարարները, որոնց թվում գերակշռում են բարձրագույն կրթությամբ երիտասարդները։










