Զարուհի Փոստանջյանին Facebook-ով սպառնալից նամակներ են գրում

16:50 • 07.10.13

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած դեպքերից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ զգուշացրեց, որ չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչած հանրապետականների կարծիքները, մանավանդ` Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայտարարությունը, ով պատգամավորի մասին ասել էր. «թուրքի տակ պառկողը»: Այնուհետև տեղեկացրեց, թե ինքը Facebook-ով սպառնալից նամակներ է ստանում, սակայն դրանք բոլորովին չեն կաշկանդում իրեն։ Միաժամանակ ըստ նրա, դա չի նշանակում, որ իրավապահները չպետք է հետևեն իր անվտանգությանը։


Այնուհետև խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից հանելու որոշման մասին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը չի կարող որոշել այդ հարցը. դա Սերժ Սարգսյանի ցանկությունն է:

«Պաշտոնական գործընթաց չի սկսվել Հովիկ Աբրահամյանի կողմից, այդ հայտարարության մասին տեղեկացված է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը, քննարկման առարկա է դարձել բյուրոյում, կլինի Հայաստանի իշխանության կողմից պաշտոնական քայլ, կլինի նաև պաշտոնական արձագանք»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է իր ձայնը ընդդիմադիր պատգամավորին զիջել, Փոստանջյանն ասաց, որ որևէ մեկը ձայնի իրավունքը սեփականացնելու իրավունք չունի։

«Դա պատվիրակության բոլոր անդամների ձայնն է։ Այն պատվիրակության անդամները, որոնք ցանկություն չունեն հարց տալու, ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են ձայնը տալու, զիջելու մեկ այլ անդամի, ով հարց ունի տալու. մշտական և փոխարինող անդամի դեպքում ևս որևէ տարբերություն չկա»,- մեկնաբանեց պատգամավորը:

Իսկ թե ինչո՞ւ Փոստանջյանը եվրոպական հարթակն օգտագործեց, ըստ իրեն՝ Սերժ Սարգսյանի՝ կազինոյում մեծ գումար պարտվելու մասին հարցը հնչեցնելու համար և արդյոք հարցն այդքան հրատա՞պ էր, ԱԺ«Ժառանգության» խմբակցության պատգամավորը կրկնեց ավելի վաղ արված հայտարարությունը, թե ինքը այդ հարցն է բարձրաձայնել, քանի որ «հայ ժողովրդի 80 տոկոսին հուզում է այն»:

Փոստանջյանի խոսքով՝ իր գործընկերներից ոմանք քանի որ չեն կարող նման հարցադրումներ տալ, այդ պատճառով էլ ինքն է ներկայացված պատվիրակությունում: Ինչ վերաբերում է սեփական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի պարզաբանմանը, որ եթե ինքը լիներ Փոստանջյանի փոխարեն, այդպիսի հարց չէր բարձրացնի ԵԽԽՎ-ում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Շատ հարգում եմ նրա կարծիքը: Ռուբեն Հակոբյանը մեծ ներդրում ունի մեր պետականության մեջ, բայց ինքը ներկայացնում է մի սերունդ, որն այլ սկզբունքներով է առաջնորդվում, տարբերվում է իմ սերնդից»: