Նիկոլա Սարկոզիի դեմ դատական գործը փակվել է
Դատական քննիչները որոշել են փակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը, ով մեղադրվում էր L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի վստահությունը չարաշահելու համար, գրում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Sud Ouest-ին։
Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավականաչափ հիմնավորված չեն, որպեսզի գործը փոխանցվի Բորդո քաղաքի դատարան։
Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզիին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել մարտի 17-ին։ Ըստ հետաքննության վարկածի՝ նա L’Oreal ընկերության սեփականատիրոջից 150 հազ. եվրո կանխիկ գումար է ստացել, որոնք հետագայում օգտագործվել են նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Մինչդեռ ֆրանսիական օրենքները թույլ չեն տալիս թեկնածուներին 4.600 եվրոն գերազանցող նվիրատվություն ստանալ։
Անձամբ Սարկոզին իր մեղքը չի ընդունում։ Հարցաքննությունների ընթացքում նա նշել է, որ իսկապես հանդիպել է Բետանկուրի հետ 2007-ին, սակայն հանդիպումը բացարձակ կապ չի ունեցել իր նախընտրական արշավի հետ։










