«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան բացվեց (տեսանյութ)

10:42 • 07.10.13

«Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկան այսօր բացվել է, սակայն դեռևս միայն որպես շուկա։ Անճանաչելի դարձած շուկայի միայն առաջին փոքրիկ հատվածն է նախատեսված միրգ, բանջարեղենի վաճառքի համար, որտեղ գեղեցիկ կողովների մեջ առևտուր է իրականացնում ընդամենը երեք-չորս վաճառասեղան։


Այնուհետև մեծ դեղատուն է, և արդեն սուպերմարկետը, որն այսօր դեռևս բաց չէր։ Մտնել արգելեցին՝ նշելով, թե աշխատանքները դեռևս չեն ավարտվել։


Ներսում աչքի է զարնում շարժասանդուղքը, ինչը նշանակում է, որ առևտուր երկրորդ հարկում էլ կիրականացվի։


Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ «Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի բացումը կնշանակի, որ ամբողջ պետական համակարգն անմնացորդ կապված է պետական նշանակության հուշարձանը քանդելու հանցագործության հետ։ Ըստ նրա, բացել առանց օրենքը շրջանցելու՝ անհնարին է կազմակերպել, քանի որ այդ ամբողջ գործընթացը «գլուխ պետք է բերեն փաստաթղթերով», որոնք չկան։ «Կամ-կամ» է՝ կամ պետականություն, կամ Փակ շուկայի բացում, երրորդ տարբերակ չկա»,-նշել էր նա։


Ի դեպ, նա նաև տեղեկացրել էր իրենք հայց են պատրաստում, դատի տալու կառուցապատողին։ «Մեր իրավաբանները աշխատում են և մյուս շաբաթվա մեջ դատական հայց կներկայացնեն ընդդեմ կառուցապատողների՝ առանց սպասելու, որ դա պետք է աներ Տարածքային կառավարման նախարարությունը և կամ չգիտեմ ով։ Մենք դրա իրավունքը ունենք, անկախ նրանից, բոլոր պետական կառույցները կլծվեն բացելու գործին, թե ոչ»,- նշել էր նա։