Տիգրան Ուրիխանյանը Ռոզա Ծառուկյանի հայտարարությունը չի մեկնաբանում, Զարուհի Փոստանջյանն էլ նրան չի հետաքրքրում

10:52 • 07.10.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ խաղատներում գումար տանուլ տալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի շուրջ զարգացումների ֆոնին մի շարք լրատվամիջոցներ վերհիշել են ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի նմանատիպ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ռոզա Ծառուկյանը պատասխանելով «Ժամանակ Երևան» թերթի լրագրողի հարցին, որ իր որդին թաքցնում է հարկերը, բառացիորեն ասել էր.«Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն...» (նկատի է ունեցել ՀՀ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին)։

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել տիկին Ռոզա Ծառուկյանի հայտարարությունը, քանի որ այն վերջինիս կողմից մեկնաբանվել է բազմիցս, ընդ որում, «աղավաղված խոսքերի մասով»:

«Այս, կոնտեքստից կտրված, խեղաթյուրված այպես կոչված հարցազրույցի վերաբերյալ ժամանակին հստակ պարզաբանում տրվել է, և ես այլևս չեմ պատրաստվում դրան անդրադառնալ: Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ակնհայտ է, որ Ստրասբուրգում տեղի է ունեցել լուրջ ձախողում, և արդեն իսկ ակներև է, որ ձախողման իրական պատասխանատուները փորձ են անում հարակից թեմաներ դնել շրջանառության մեջ՝ իրենց վրայից պատասխանատվությունը այս կամ այն կերպ հեռացնելու համար, հարակից մեղավորներ և պատասխանատուներ մոգոնելու համար: Չի ստացվելու, չի հաջողվելու, իմ գործընկերները տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն տվել են: ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ այդ միջադիպին այլևս չի անդրադառնալու որևէ կոնտեքստում»:;