Քննարկվել են «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական հարցեր (լուսանկարներ)
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները:
Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդանշող ցուցապաստառների և դրոշների տեղադրման աշխատանքները: Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:










