Ալեքսան Պետրոսյանը կհանդիպի կարկուտից տուժած ու օգնությունից դժգոհ արմավիրցիների հետ
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը («ՄԱՊ-ի Ալիկ») տեղյակ է, որ Նալբանդյան գյուղի բնակիչներից բողոքներ կան, թե կարկուտից տուժած արմավիրցիների օգնելու համար բացված հիմնադրամի գումարները հասցեատերերին չեն հասել։ Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը զայրացավ, թե՝
«Գիտեմ էնքան պետք է խոսեք այս հարցի մասին, որ սրանից հետո ոչ մեկ նման նախաձեռնությամբ չզբաղվի՝ մտածելով, որ ավելորդ գլխացավանք է իր համար»։
Նշենք, որ գյուղացիների դժգոհությունները «Ար» հեռուստատեսությունն էր ցուցադրել, որտեղ վերջիններս նշում էին, թե գյուղապետն իր բարեկամներին է հիմնադրամի հավաքած գումարները բաժանել։
Ալեքսան Պետրոսյանը հավատացրեց, թե բացի Նալբանդյան գյուղից, ուրիշ որևէ գյուղից դժգոհություն չեն ստացել։ Դիտարկմանը, թե ամեն դեպքում, եթե միայն մեկ գյուղ է բողոքում, ուրեմն արդեն հաջողություն կարելի է համարել, Ալեքսան Պետրոսյանը համաձայնվեց. «46 գյուղից մեկ գյուղ է դժգոհում, ես էլ չգիտեմ ինչու են դժգոհ, պետք է գնամ տեսնեմ, ճիշտ է, թե ոչ, ես ի՞նչ ասեմ, դուք իմ տեղն եք ասեք՝ անեմ»։
Վերադառնալով դժգոհ գյուղացիներին, նշեց, թե ինքը հեռախոսով խոսել է գյուղապետի հետ, ով ասել է, թե նման բան չկա։ «Ես էլ ասել եմ կգամ ձեր գյուղ ու անձամբ կստուգեմ։ Պայմանավորվել եմ երկու օրից գնալ Նալբանդյան գյուղ, ասեմ հավաքի այդ մարդկանց, ովքեր ստացել են կամ դժգոհ են և տեղում իրենց հետ զրուցեմ, պարզեմ»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե ինքը գյուղացիներին զգուշացրել է՝ հարցեր լինելու դեպքում անձամբ իրենց դիմեն։ «Ես էլ գյուղացիքին ասում եմ, որ եթե մտածում եք տենց բան կա, զանգեք ինձ տեղյակ պահեք, բայց քանի որ չեն զանգում, ես էլ ստիպված ասել եմ, ես ինքս կգնամ գյուղ ու իմ 12 գյուղերից, այսինքն՝ իմ 21 ընտրատարածքի 12 գյուղերում էլ մինչև շաբաթվա վերջ կլինեմ, բոլոր գյուղացիների հետ էլ կզրուցեմ»,- ասաց նա։
Այն, որ գյուղացիները դժգոհել էին, թե գյուղապետը իրենց բարեկամներին է գումարները տվել, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե գուցե դա իրենց անձնական կարծիքն է, դա չի նշանակում, որ ճիշտ է։ «Եթե գյուղապետի բարեկամի այգին էլ է կարկուտը խփել, դա չի նշանակում, որ նա չպետք է ստանա, դրա համար պետք է տեղում ճշտել»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե գյուղապետն է որոշել, թե ում տա, այլ հանձնաժողովն է որոշել, մարզպետարանի հետ։
«Հանձնաժողովն այն ժամանակ ֆիքսել էր ումն է կարկտահարվել, գյուղապետարանին հանձնարարվել է, որ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես գումար չեն ստացել, որովհետև մարդիկ կային, որ պետությունը էլի փոխհատուցում էր տվել 50 000 դրամի չափով, դա էլ հաշվի առնել։ Վերջապես որոշվեց, որ տանք ամենից շատ տուժողներին և անապահով ընտանիքներին։ Վերջը այսպես հաշվեցինք՝ 12 000 ընտանիք տուժել է չէ՞, բաժանել ենք փողը 6 013 ընտանիքի, իհարկե 6000-ի միջից մարդիկ կլինեն, որոնք դժգոհ կլինեն, տրամաբանական է։ Դե, եթե բողոք չլիներ, պետք է 12 000-ին էլ բաժանեին, հետո էլ մարդիկ կհայտնվեին, կասեին, թե իրենցը շատ է տուժել, մյուսինը քիչ։ Դե, իհարկե բողոքներ կլինեն, պարզ թվաբանություն է»,- նշեց նա։
Ալեքսան Պետրոսյանի խոսքով՝ գյուղում մարդ չի եղել, որ չտուժի, բայց մտածել են, որ եթե բոլորին էլ տային, պետք է ամեն ընտանիքի 20 000 դրամ հասներ։ «Ասեցինք գոնե 40 000 տանք, որոշեցինք ամենակարիքավորներին գոնե 40 000 տանք։ Բա էդքա՞ն էլ չտանք։ Դե, թող լիներ 500 մլն 12 000-ին էլ տայինք, վայ։ Ախր սա բարեգործություն է, ոչ թե պարտավորություն է, այդքան ենք կարողացել»,- եզրափակեց նա։










