Չի բացառվում, որ ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգով վերադառնան Դոնթի բանաձևին

11:37 • 08.10.13

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի կարող ասել՝ երեկ խոսելով որոշման մասին, ըստ որի՝ փոխվելու է պատվիրակությունների ձևավորման կարգը, Դոնթի՞ բանաձևով է լինելու դա, թե ոչ:

«Չեմ կարող ասել՝ ԱԺ նախագահն է որոշում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

ԱԺ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով պատասխան ստանալ չհաջողվեց, քանի որ ԱԺ նախագահը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային պատվիրակությունները և խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը՝ նախագահներ և նախագահի տեղակալներ, ձևավորվում են Դոնթի բանաձևով, որի հիման վրա հաշվարկվում են միջխորհրդարանական պատվիրակություններում երկրների անդամների ներկայացվածությունը:

Չնայած սրան, 5 –րդ գումարման խորհրդարանի ձևավորման սկզբում որոշում կայացվեց, որ Դոնթի բանաձևը պետք է կիրառվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, իսկ տարբեր վեհաժողովներում ու միջխորհրդարանական խմբերում քաղաքական մեծամասնությունը, այսպես ասած, բարի կամք դրսևորեց՝ հնարավորություն տալով փոքր խմբակցություններին ևս ներկայացված լինել ազգային պատվիրակությունների կազմում, ինչը հնարավոր չէր լինի Դոնթի բանաձևով:

Հիշեցնենք, որ օրինակ՝ ԵԽԽՎ պատվիրակության հիմնական և ոչ հիմնական կազմերում ներկայացված են 3 հանրապետական պատգամավորներ (Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Նաիրա Կարապետյան), 2 (ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան ) 1-ական՝ «Ժառանգությունից», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» և «Հայ ազգային կոնգրեսից» (Զարուհի Փոստանջյան, Արմեն Ռուստամյան, Լևոն Զուրաբյան)։ Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ տեղը, ըստ էության, զիջել էր ընդդիմադիր խմբակցություններից մեկնումեկին:

Նշենք, որ նույն՝ ոչ Դոնթի սկզբունքով են ձևավորված Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում և, առհասարակ, բոլոր ազգային պատվիրակությունները:

Ի պատասխան հարցի, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն անձամբ նպատակահարմա՞ր է համարում հանձնաժողովների նոր կարգը Դոնթի բանաձևին վերադառնալով սահմանել, Դավիթ Հարությունյանն ասաց.«Չեմ կարող ասել՝ ինչ սկզբունք կորդեգրվի, կրկնում եմ, դա ԱԺ նախագահն է որոշել»:

Սակայն Դավիթ Հարությունյանը չթաքցրեց, որ պատվիրակությունների ձևավորման սկզբունքը փոխելու հարցը հասունացել է «առաջին հերթին այս միջադեպով» (նկատի ունի ԵԽԽՎ–ում խաղամոլության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցից հետո):

Ինչ վերաբերում է հարցի քննարկման կոնկրետ ժամկետներին, ապա սա ևս պետք է որոշվի ԱԺ նախագահի կողմից: