Բան Կի Մունն առաջարկել է ստեղծել համատեղ առաքելություն` Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար

08:44 • 08.10.13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը անհրաժեշտ է համարում ստեղծել ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ համատեղ առաքելություն՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար, որը կենտրոնացած կլինի Դամասկոսում և Կիպրոսում, գրում է ИТАР-ТАСС-ը։


Այդ մասին ասվում է Բան Կի Մունի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում։


«Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը՝ համատեղ առաքելության ներկայությունը Սիրիայում շատ սահմանափակ կլինի, այդ երկրում տեղակայված կլինի միայն այն անձնակազմը, որի ներկայությունն անհրաժեշտ է առաջադրանքները կատարելու համար։ Դամասկոսում գրասենյակը կծառայի որպես օպերատիվ բազա»,- նշվում է նամակում։


Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է ստեղծել ևս մեկ բազա Կիպրոսում, որը կաջակցի սիրիական քիմիական զենքի ոչնչացմանը։


Բան Կի Մունը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները տվյալ փուլում անհրաժեշտ օգնություն են հատկացնում միջազգային փորձագետների առաջատար խմբի աշխատանքին, որոնք մեկնել են Սիրիա քիմիական զենքի ոչնչացմանը հետևելու համար։


«Սիրիայի կառավարությունը ամբողջությամբ համագործակցել և աջակցել է առաջատար խմբի աշխատանքին»,- նշվում է նամակում։