Երևանում տեղի է ունենում Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը

11:50 • 08.10.13

Երևանում հոկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:

ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

Փաստաթղթում մասնավորապես նշված է. սս

-մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,

-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:

ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը ասել է, որ քննարկվող փաստաթուղթը «կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու և արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի` հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև։

«Մեզ համար չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը` դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:

Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի` այն է`.մարդու իրավունքների և հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»,– ասել է նա:

Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:

Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:

ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երևանի Հռչակագիրը»:

ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.` ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ և հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին` կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ` հանձնարարականի կատարմանը նպաստելու և Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:

Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք`

1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»
2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»
3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»
4. «Բորդոյի հռչակագիր»
5. «Երևանի հռչակագիր»
6.«Դատախազների և քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ»
7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»