Փոստանջյանի հարցը Եվրոպայի պատասխանն էր Հայաստանին՝ Մաքսային միությանն անդամակցելու համար. Գուրգեն Եղիազարյան

15:09 • 08.10.13

ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» արդեն նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը Զարուհի Փոստանջյանին չի մեղադրում ԵԽԽՎ-ում կազինոյում խաղալու մասին հարցը Սերժ Սարգսյանին տալու համար, բայց մի քանի կետ իր համար, այդուհանդերձ, այս ամբողջ մեղադրանքում անհասկանալի է մնում, ինչը վերլուծելով եզրակացնում է, որ դա Եվրոպայի պատասխանն էր Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու համար։

 

«Ընդամենը բարձրաձայնել է մի բան, որը շուրջ 10 տարի է գործածության մեջ է։ Ինչ է, նոր իմացա՞նք, որ խաղատուն կա, կազինո կա, Սերժ Սարգսյան կա, ուղղակի գումարն է աճել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և խորհուրդ տվեց կազինո գնալուց առաջ հետները մարդ ուղարկեն, մարզեն, խաղալ սովորեցնեն, որ շատ տանուլ չտան։



Իսկ արդեն ավելի մանրամասն անդրադառնալով կետերին, Գուրգեն Եղիազարյանը հարցրեց, թե նախագահականի ժամանակ հենց «Ժառանգություն» կուսակցության նախագահը չէր «թառն առած Սերժ Սարգսյանին գովում»։ «Էլ քամանչա, էլ դհոլ առած Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր Սերժ Սարգսյանը մեր ազգի պարծանքն է, կռված տղա է, իրանից լավը չկա»,- ասաց նա ու հիշեցրեց, թե նման բովանդակությամբ հայտարարություն անելով Փոստանջյանն առաջինը չէր։

«Զարուհին ոչ մի նոր բան չի ասել, ընդամենը կրկնել է»,- ասաց նա։


Գուրգեն Եղիազարյանը տարօրինակ համարեց այն, որ, եթե անվտանգության համակարգը ընդդիմության դեմ է աշխատում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանին ինչպես հաջողվեց Ազատության հրապարակում երկու ամսով հանրահավաք կազմակերպելու իրավունք ստանալ. «Սրանք էն մարդիկ չեն, որ ընդդիմությանը երկու ամսով հրապարակ են տալիս, դա ուղղակի բացառված է։ Այս ամենից հետո Զարուհին որոշում է Եվրոպայի բարձրագույն ամբիոնից դնի ու գնդակահարի Սերժ Սարգսյանին»։


Ընդդիմադիր քաղաքական գործիչը մի բան էլ չի հասկանում, թե լրատվամիջոցներն ինչու են կենտրոնացել հարցի կազինոյի հատվածի վրա, և անտեսել այն մասը, երբ Փոստանջյանը Սերժ Սարգսյանին կազմակերպված հանցագործության մեջ է մեղադրում։ «Նրան կրիմինալի ղեկավար ու գող է ասում, որ գողացավ ժողովրդի քվեները։ Այսինքն՝ դա նորմա՞լ է, անցել եք առաջ»,- ասաց նա։


Հաջորդ ակնառու տարօրինակությունն ըստ նրա, այն էր, որ Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հարց տալու ձայն չուներ, ու նրան հենց ՀՀԿ-ն է ձայն տվել։


Այս ամենը ներկայացնելուց հետո ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարարը փորձում է գտնել, թե որտեղ է թաղված շան գլուխը և մի պատասխան գտնում. «Սա Եվրոպայի արձագանքն էր Հայաստանին, Մաքսային միությունն ընտրելու համար»։


«Եվրոպայում այս հարցը պետք է բարձրաձայնվեր՝ խայտառակելու համար Սերժ Սարգսյանին։ Սա ուղղիղ Մաքսայինի արձագանք է Եվրոպայից և հետո անմիջապես ասացին, որ Բադեն-Բադենում մեկը խաղացել է, այդ ինֆորմացիան կարող են տարածել միայն հատուկ ծառայությունները, կազինոյի տերերը չեն բարձրաձայնի դրա մասին, հակառակ դեպքում շահույթ չեն ունենա»,- ասաց նա։


Ինչ վերաբերում էր հարցին, թե արդյոք պետք չէ դատի տալ Փոստանջյանին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Խեղկատակություն է դատի տալը, մոմ պետք է վառի Զարուհին, քանի որ այդ դեպքում կդառնա Ժաննա դ’Արկ։ Եթե Զարուհուն դատի տան, ուրեմն իրա նախորդներից պետք է սկսեն»,- եզրափակեց նա։