ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը` դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն:
Ողջունելով դիվանագիտական դպրոցի նախաձեռնությունը՝ կազմակերպելու ամենամյա այցեր, Կարեն Միրզոյանը նշել է, որ դրանք արդեն ավանդական բնույթ են ստացել, և համոզմունք է հայտնել, որ նման այցերը թույլ են տալիս ապագա դիվանագետներին ավելի ճշգրիտ և մանրամասն կարծիք կազմել Արցախի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի մասին:
Կարեն Միրզոյանը դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, նախարարության առջև դրված խնդիրները, ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքն ու գործառույթները։
ԼՂՀ արտգործնախարարը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին: Հանդիպման վերջում նախարար Կարեն Միրզոյանը պարգևատրել է Վահե Գաբրիելյանին ԼՂՀ ԱԳՆ 20 ամյակին նվիրված հոբելյանական հուշամեդալով։










