«Թալիբանը» սպառնում է սպանել հայտնի իրավապաշտպան աշակերտուհուն
«Թալիբան» իսլամիստական շարժումը խոստացել է սպանել իրավապաշտպան աշակերտուհի Մալալա Յուսուֆզային, որն արդեն մեկ անգամ նրանց հարձակման թիրախն է դարձել, հայտնում է «Վզգլյադը»:
«Թալիբանի» ներկայացուցիչ Շահիդուլլա Շահիդն ասել է, որ Մալալան նպատակաուղղված ձևով քննադատում է իսլամը, ու եթե նրա հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորություն ունեն, ապա կանեն դա ու կհպարտանան:
Նա բացատրել է, որ ընդհանուր առմամբ իսլամն արգելում է կին սպանել, սակայն բացառություն է արվում նրանց համար, ովքեր «սատարում են անհավատներին` կրոնի դեմ պայքարում»:
Հոկտեմբերի 5-ին կանանց կրթության հարցերով զբաղվող պակիստանցի Մալալան Լոնդոնում արժանացել էր ռուսաստանցի սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակին:
Մալալան թալիբների հարձակումից հրաշքով ողջ էր մնացել անցած տարվա հոկտեմբերին, երբ կրակել էին նրա գլխին:










