Գարիկ Մարտիրոսյանն ուկրաինական հեռուստաեթերից Շերին դատարկություն է անվանել (տեսանյութ)

12:26 • 08.10.13

Ռուսաստանաբնակ հանրահայտ հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ուկրաինական «Ինչպես 2 կաթիլ» հեռուստանախագծի շրջանակներում, որի ժյուրիի կազմում է ներառված, հայտնվել է սկանդալի մեջ, քանի որ հաղորդման ժամանակ վիրավորել է ճանաչված ու իր հայկական արմատներով հայտնի երգչուհի Շերին։

 

Նախագծի ձևաչափն այնպիսին է, որ մասնակիցները պետք է կրկնօրինակեն համաշխարհային մեծության երգիչներին՝ նրանց արտաքինը, շարժուձևն ու ձայնը։ Հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկը՝ Եվա Բուշմինան, ներկայացել է Շերի կերպարով՝ կատարելով նրա ճանաչված հիթերից մեկը՝ Believe-ը:

 

Երբ Բուշմինան իր ելույթն ավարտել է, ժյուրիի անդամները սկսել են գնահատել մասնակցի ելույթը։ Մասնավորապես, Մարտիրոսյանն ասել է, որ անկախ Բուշմինայի կատարումից, ինչպես Շերի ողջ ստեղծագործական կյանքը, այնպես էլ մասնակցի ներկայացրած կերպարն իր համար դատարկություն են։

 

«Եկեք հիշենք Շերին. ո՞վ է նա։ Իրականում ոչ ոք։ Պարզապես ճանաչված երգչուհի, ում անհնար է համեմատել, օրինակ, Էլլա Ֆիցջերալդի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի հետ»,-ասել է Մարտիրոսյանը։

 

Նրա խոսքն ընդհատել է նախագծի հաղորդավարը՝ հիշեցնելով ժյուրիի անդամին Շերի հայկական ծագման ու Սարգսյան ազգանվան մասին։ Այնուհանդերձ Մարտիրոսյանը գովել է Բուշմինային՝ ասելով, որ վերջինս կարողացել է «դատարկ» Շերից վառ կերպար ստանալ։

 

Ի դեպ, «Ինչպես 2 կաթիլի» ժյուրիի կազմում բացի Մարտիրոսյանից կա ևս մեկ հայ՝ Ուկրաինայի Ազգային օպերայի մեներգչուհի Սուսաննա Չախոյանը։

 

Ստեղծված տհաճ իրավիճակը հարթելու համար Չախոյանը, Մարտիրոսյանն ու Բուշմինան կատարել են «Ով սիրուն, սիրուն» երգը։

 

(Գարիկ Մարտիրոսյանի մեկնաբանությունը դիտել 9-րդ րոպեից)