Մոսկվայում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում
Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում տեղի ունեցած սպանությունը ազգայնական տրամադրությունների ու անկարգությունների պատճառ է դարձել, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Հոկտեմբերի 10-ի գիշերը այնտեղ սպանվել է 25-ամյա մոսկվացի, որը զբոսնելիս է եղել ընկերուհու հետ: Մամուլը հայտնում է, որ հարձակվողը կովկասցի է եղել: Տեղեկությունը չեն հաստատում իրավապահները, սակայն նրանք արդեն 90 մարդու են ստուգել և 1 մլն ռուբլի գումար են առաջարկել մարդասպանի մասին տեղեկության դիմաց:
Աղբյուրի փոխանցմամբ ագրեսիվ տրամադրված տեղի բնակիչները «ժողովրդական հավաք» են նախաձեռնել, որի երթը վեր է ածվել անկարգության: Նրանք մեկ խանութ են հրկիզել, որը պատկանում է ապօրինի ներգաղթյալի, և հարձակվել են «Բիրյուզա» առևտրի կենտրոնի վրա: Նրանց գործողությունները շարունակվում են` «Ռուսներ, առաջ» և «Մաքրենք շրջանը» կարգախոսներով: Նրանք նաև ծեծել են ոչ սլավոնական արտաքինով մի մարդու:
Ժամանել են հատուկջոկատայինները, որոնք ենթարկվել են քարկոծման: Նշվում է, որ նրանք մարդկանց չեն ճնշում, պարզապես քաղաքավարի խնդրում են ցրվել: Ոմանց, սակայն, ստիպված են եղել ձերբակալել:
Վրդովված ամբոխը պահանջում է տեղի ոստիկանության և շրջանային վարչության ղեկավարների հրաժարականը:










