Բացականչեցինք՝ քաղաքապետ չկա ու մեզ տարան. ակտիվիստը Երևանի տոնին իրենց հետ կատարվածի մասին
Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց անող երեք երիտասարդներից Վահագն Մինասյանին և մոտ 5 այլ ակտիվիստների երեկ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել է քաղաքապետարանի տարածքից, որտեղ Էրեբունի-Երևան տոնակատարություններ են ընթացել:
«Երբ ելույթ ունենալու համար հայտարարեցին չընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, ով պետք է ելույթ ունենար, մենք բացականչեցինք՝ քաղաքապետ չկա, ինչից հետո մեզ հեռացրեցին այդ տարածքից»,-Tert.am-ին ասաց Վահագն Մինասյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ մոտ վեց–յոթ հոգու հեռացրել են այդ տարածքից, բայց մոտ նույնքան մարդ էլ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները պահանջող բովանդակությամբ պաստառներ պարզած մնացել են տեղում:
«Եվ երբ երթը սկսվել էր, այդ վեց–յոթ հոգին պաստառներով ուղեկցել էն երթի մասնակիցներին, և շատ մարդիկ ծափերով ողջունում էին նրանց»,- ասաց Վահագն Մինասյանը:
Նշենք, որ ակտիվիստները վերը նշված երկու պաշտոնյաների հրաժարականների պահանջով արդեն շուրջ երկու ամիս է նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց:










