Մոսկվայում ազգայնական անկարգությունները վերահսկողության տակ են առնվել (տեսանյութեր)
Գիշերը հնարավոր է դարձել ամբողջովին վերահսկողության տակ առնել Մոսկվայի Բիրյուլևո Զապադնոյե շրջանում սկիզբ առած անկարգությունները, որոնց պատճառը կովկասցու կողմից երիտասարդ տեղացու սպանությունն է եղել, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:
Մոսկվայում ոտքի էին հանվել անվտանգության ուժերը, իրականացվել է «Հրաբուխ» ծրագիրը: Ձերբակալություններից հետո գիշերվա 1-ին ակցիայի մասնակիցները սկսել են ցրվել:
Անկարգությունների հետևանքով 380 մարդ է ձերբակալվել, նրանք հարցաքննվել են խուլիգանության մասին հոդվածի շրջանակներում: Ընդհանուր առմամբ կա 20 տուժած, որոնցից 8-ը հիվանդանոց է տեղափոխվել: Վերջիններիս թվում է նաև 2 հատուկջոկատային: Տուժել են նաև խանութներ և մեքենաներ` ազգայնական կոչերի և հրաժարականների պահանջների ներքո:
Տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը սպանվել էր հոկտեմբերի 10-ին` ենթադրաբար ներգաղթյալի` շաուրմա պատրաստողի կողմից: Նրա դեմքը ֆիքսվել է տեսախցիկով: Վերջինիս մասին տեղեկության համար 1 մլն ռուբլի գումար էր խոստացվել:










