Նորաձևության ոլորտի «հսկաները» հավաքվել են Դուբայում (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայն արդեն երկար ժամանակ համարվում է fashion արդյունաբերության գլխավոր վայրերից մեկը, սակայն երեկ Դուբայում այնպիսի մեծության միջոցառում է տեղի ունեցել, որ այսուհետ քաղաքը կարելի է համարել նորաձևության նոր մայրաքաղաք, հայտնում է Tatler-ը։
Նորաձևության ոլորտի «հսկաները»՝ Vogue Italia հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր Ֆրանկա Սոցիանիի նախաձեռնությամբ, Դուբայում կազմակերպել են Vogue Fashion Dubai Experience միջոցառումը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը։
Երեկոն ընթացել է աշխարհի ամենաբարձր շինության՝ «Բուրջ Խալիֆայի» անմիջական հարևանությամբ, որտեղ հավաքվել են միայն լավագույններից լավագույնները՝ Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ամիրա Ալ-Թավիլը, սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելն ու Կարոլինա Կուրկովան, դիզայներներ Դոնաթելա Վերսաչեն ու Ռիկարդո Տիշին և այլք։
Հաշվի առնելով հյուրերի աստղային կազմը՝ զարմանալի չէ, որ կազմակերպիչներին հաջողվել է 1.5 մլն դոլար հավաքել Dubai Cares բարեգործական հիմնադրամի համար։
Միջոցառման շրջանակներում եղել են մի քանի դեֆիլեներ, նորաձևության թեմայով կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև անցած 25 տարվա ընթացքում Vogue Italia-ի լավագույն շապիկների ցուցադրություն։


















