Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը պարզաբանել է, թե ինչու դեսպանները հրավիրված չեն եղել երդմնակալությանը
«Ադրբեջանի նախագահի երդմնակալությունը երկրի ներքին իրադարձություն է։ Մենք նման միջոցառումներին օտարերկրյա հյուրերի չենք հրավիրում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Ղասիմովը։
Նա ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևը կողմ է, որ պետական միջոցառումներն ու այլ արարողություններ համեստ, գործնական տեղի ունենան։
«Իր ելույթներում և հայտարարություններում նախագահը բազմիցս պետական պաշտոնյաներին կոչ է արել խուսափել շքեղությունից և հանդիսավորությունից, և տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ տարեդարձեր, հոբելյաններ և այլն, անցկացնել համեստ և պարզ»,-ասել է խոսնակը՝ նշելով, որ այսօրվա արարողության պարզությունն էլ ապացուցում է նախագահի այդ խոսքերը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությանը հրավիրված չեն եղել երկրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի դեսպանները։










