Միջադեպ Նալբանդյան-Յագլանդ հանդիպմանը. նույնասեռականների իրավունքների պաշտպանները պաստառներով ներխուժել են դահլիճ (տեսանյութ)
«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին, որին ներկա են եղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել:
Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ դահլիճ են ներխուժել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, «Պինկ» կազմակերպության համակարգող Մամիկոն Հովսեփյանը և այլ ակտիվիստներ, որոնք համապատասխան գրություններով ցուցապաստառներով կանգնել են ուղիղ եվրոպացի հյուրերի առջև:
Ցուցապաստառների վրա պատկերված էին «Հայ Յեղափոխական դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանի, Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Խաչիկ Ասրյանի նկարները՝ կից գրություններով, որ վերջիններս քարոզում են ընդդեմ նույնասեռականության, իսկ Ասրյանը՝ այլոց խոսքի դեմ անհանդուրժողականության:
«Խաչիկ Ասրյանը կոչ է անում խարույկի վրա այրել Զարուհի Փոստանջյանին», «Արծվիկ Մինասյանը երաշխավոր է կանգնել հանցագործություններին, որոնք վառել են նույնասեռականների հանդեպ բարեհաճ ակումբը», «ՀՀԿ-ի քարոզչությունը հայ ժողովրդի համար վարակ է և ՁԻԱՀ» - սրանք ցուցապաստառների հիմնական գրություններն են:
Մասնավորապես, վկայակոչվում են Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի՝ Զարուհի Փոստանջյանին՝ որպես Ռամիլ Սաֆարովի, խարույկի վրա այրելու մասին հայտնի հայտարարությունը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ՝ ժամանակին արված հայտարարություններ, որոնք վերաբերում են սեռական փոքրամասնություններին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը անձնական երաշխավորությամբ գրավ էր վճարել Ծոմակի՝ Արմինե Օգանեզովայի DIY ակումբը վառելու փորձ կատարած երկու իրանահայ երիտասարդների խափանման միջոցը փոխելու համար:
Նշենք, որ ոստիկանները փորձել են կանխել ակտիվիստների մուտքը դահլիճ, սակայն վերջիններս համառել էին, իսկ արդեն դահլիճից նրանց դուրս չհրավիրեցին՝ աղմուկ չբարձրացնելու համար: Արդյունքում՝ նիստը շարունակվում է ակտիվիստների ներկայությամբ: Վերջիններս դեռ համաժողովի աշխատանքի սկզբում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դեռ մուտքի մոտ էին փորձել եվրոպացի փորձագետներին և հրավիրյալ հյուրերին ծանոթացնել Հայաստանում կրոնական, սեռական փոքրամասնությունների և այլախոհության դեմ, իրենց ձևակերպմամբ՝ խտրական վերաբերմունքի փաստերին՝ փորձելով եվրոպացիներին հասկացնել, որ անհանդուրժողականությունը քարոզվում է հենց բարձրագույն իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեռական փոքրամասնությունների հարցով: Նամակով մտահոգություն էր հայտնվում օգոստոսի 5-ին ՀՀ Ոստիկանության կայքում հայտնված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկի առիթով, որով առաջարկվում էր պատիժներ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար: Կազմակերպությունը նշում է, որ այդ քայլը կլիներ խոսքի ազատության ոտնահարում և լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն:
Թեև ոստիկանությունն այդ ժամանակից հեռացրել է առաջարկությունն իր կայքից, և ըստ հաղորդագրությունների՝ չկան այս առաջարկությունը խորհրդարանում մոտակա ապագայում քննարկման դնելու մասին որևէ ծրագիր, այնուամենայնիվ, նամակում մտահոգություն էր հնչեցվում առ այն, որ նման առաջարկություններ կարող են ներկայացվել այլ կազմակերպությունների կողմից:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից ի պատասխան հիշեցրին, որ իրենց կայքէջի «Օրենսդրություն» խորագրի «Հանրային քննարկումներ» և «Նախագծեր» ենթաբաժիններում զետեղվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և այն հետ է կանչվել:
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:










