ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայի քաղաքացիների մոտ 70 մլն հեռախոսազրույց

12:19 • 21.10.13

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնալսել են Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Le Monde-ին: Այս տեղեկությունը հայտնի է դարձել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերից:

 

Ինչպես հայտնի է դարձել թերթի ձեռք բերած փաստաթղթերից, ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայի քաղաքացիների 70,3 մլն հեռախոսազանգ: Գործողությունն իրականացվել է 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ը:

 

Լրտեսության նպատակը եղել է ահաբեկիչների հետ կապեր ունենալու համար կասկածվողներին, ինչպես նաև գործնական շրջանակների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելը: Թերթի տեղեկություններով՝ ամերիկյան իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը: