Մոսկովյան ռեստորաններից մեկի մոտ հրաձգության հետևանքով 3 հայ է վիրավորվել (տեսանյութ)
Մոսկվայի հարավ-արևմուտքում վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ, ինչի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, միջադեպը տեղի է ունեցել «Պրինց» ռեստորանի մոտ, ականատեսների վկայությամբ՝ կիրակի առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում։
Հաղորդվել է, որ ագրեսիվ տրամադրված երկու խումբ վիրավորում են միմյանց և սպառնում վրեժխնդիր լինել։
Սակայն երիտասարդները միայն սպառնալիքներով չեն սահմանափակվել։ Մի քանի րոպե անց փոխհրաձգություն է սկսվել։ Հիվանդանոց են տեղափոխվել 19-ամյա Գանիկ Մալյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և նրա 21-ամյա ընկերը՝ ՌԴ Կառավարությանը կից Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը։
Նախնական տվյալներով՝ երկու անհայտ անձինք դեպքի վայրից փախուստի են դիմել BMW մակնիշի ավտոմեքենայով։










