Ռուսաստանը Հայաստանի հարևաններին զենք վաճառելիս հաշվի է առնում բալանսը. Նիկոլայ Բորդյուժա
Ռուսաստանը Հայաստանի սահմաններին մոտ գտնվող երկրներին զենք վաճառելիս միշտ հաշվի է առնում Հայաստանի ունեցած զինամթերքի նկատմամբ հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը, այս մասին այսօր հեռուստակամուրջի միջոցով լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Մենք միշտ ենք բալանսը հաշվի առնում: Ես ասել եմ, ցանկացած երկրին զենք վաճառելիս մենք այս հանգամանքը հաշվի ենք առնում և հատկապես Հայաստանի դեպքում: Ինչ վերաբերում է ռուսական բանակի արդիականացմանը, այն Հայաստանի տարածքում մշտապես է արվում, ինչպես նաև զինատեսակների կատարելագործմանը: Սրա մասին հայտարարվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից և սա մշտապես ընթացող գործընթաց է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք քննարկվել է կազմակերպության ներսում Սոչիում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունը ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված, ըստ որի՝ որոշ երկրներ ստորագրում են բանաձևեր, որոնք հակասում են Ղարաբաղյան հարցով Հայաստանի դիրքորոշմանը, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց՝ ասելով, որ իրականում չի եղել ո՛չ սուր քննադատություն և ո՛չ ընկերական դիրքորոշում:
«Նման խնդիրներ միշտ լինում են: Դրա համար նեղ կազմով քննարկումներ են անցկացվում՝ հասկանալու նման երկրին հուզող խնդիրները: Սա նորմալ պրակտիկա է համագործակցության: Ես ներկա եմ լինում բոլոր քննարկումներին և բոլոր անդամ երկրները նման հարցեր բարձրացնում են»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, որ եթե Հայաստանը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա ինչպե՞ս այն կազդի Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների վրա, Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ սա լուծված հարց է, քանի որ Հայաստանը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, հետևաբար, համաձայնագիր չի կնքվի:










