Նոբելյան մրցանակի դափնեկիրներն իրենց մրցանակը կհանձնեն Շերոն Սթոունին
Վարշավայում այսօր բացվում է Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրների միջազգային հանդիպումը, որը կայանում է արդեն 13-րդ անգամ և կտևի մինչև հոկտեմբերի 23-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Մրցանակակիր լեհ իրավապաշտպան ու քաղաքական գործիչ Լեխ Վալենսան Վարշավա է հրավիրել 15 դափնեկիրների (այդ թվում՝ Դալայ լամային և ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին) և ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունին:
2002-ից ի վեր Նոբելյան մրցանակակիրներն իրենց մրցանակն են հանձնում՝ Peace Summit Award-ը, որը տրվում է մշակույթի և սպորտի ասպարեզների հայտնի մարդկանց, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների: Այս տարի մրցանակը կհանձնվի Շերոն Սթոունին՝ ՄԻԱՎ-ի դեմ նրա պայքարի համար:
Նախկինում այս մրցանակին են արժանացել Բոնոն և Շոն Փենը:
Ի դեպ, նախկինում Շերոն Սթոունը վարել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:










