Գրանտների «օլիգարխացում». ՀԿ-ները հարկելու հնարավոր քայլերը տրամաբանական են. Տիգրան Քոչարյան

09:08 • 21.10.13

Բլոգեր Տիգրան Քոչարյանը (հայտնի որպես Փիղ ) տրամաբանական է համարում հասարակական կազմակերպությունները հարկելու և նրանց վրա վերահսկողություն սահմանելու հնարավոր նախաձեռնությունը:
 

Tert.am –ի հետ զրույցում Տիգրան Քոչարյանն ասաց. «Պետք է ամեն ինչ լինի շատ բաց, լինի պետությանը տրված դրամաշնորհ, թե սովորական կազմակերպությանը, որպեսզի իմանանք՝ մարդիկ ինչքան են ստանում, ինչի վրա են ծախսում»:


Հիշեցնենք, որ օրերս մամուլում տպագրվել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՆԱ-ի աճ ցուցադրելու նպատակով նոր հանձնարարականներ է իջեցրել իր ենթականերին։ Նա հայտարարել է, թե պետք է օրենք ընդունել դրամաշնորհները հարկելու մասին, ըստ այդմ էլ համապատասխան հանձնարարական է տվել ուսումնասիրել օրենսդրական դաշտը, ճշգրտել օրենքի հիմնավորումներն ու նպատակները։


Ըստ հրապարակման՝ սա նշանակում է, որ ՀՀ վարչապետը գնում է ՌԴ-ի և Ադրբեջանի օրինակով, այսինքն՝ ՀՀ կառավարությունն այսուհետ վերահսկողություն է իրականացնելու Հայաստան մտնող դրամաշնորհների վրա՝ դրանք ենթարկելով թե՛ հարկման, թե՛ կենտրոնացված լուրջ վերահսկողության։


Տիգրան Քոչարյանը, որ համամիտ չէ լուրի քաղաքական մասի հետ (ավելին՝ ասաց, որ ամենամեծ վերահսկողությունը ՀԿ-ների նկատմամբ իրականացվում է ԱՄՆ-ում ) դեմ է դրամաշնորհները հարկելուն, քանի որ նշեց, որ արդեն իսկ նորմալ է, որպեսզի ՀԿ-ն աշխատավարձերից հարկ տա, սակայն ինչ վերաբերում է շահութահարկին, ապա ըստ Քոչարյանի՝ հասարակական կազմակերպությունները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են:


«Եթե հայրենիք են ծախում, հա, թող հարկ վճարեն, սա, իհարկե, կատակ է, բաց որ ուժեղ կոնտրոլի տակ պետք է վերցվի, դա պարտադիր պահանջ է»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մեկնաբանելով նույն տեղեկությունը, Tert.am-ին ասել էր.«Գլուխը քարով կտա, (վարչապետը – Tert.am ) աչքին է երևում» և ավելացրել. «Վարչապետը ավելի շատ թող մտածի իր օֆշորային խայտառակ սկանդալների մասին»:


Եվ ըստ Արթուր Սաքունցի՝ այդ դեպքում սա կլինի ժողովրդավարական պետությունում հասարակական կազմակերպությունների դերի և նշանակության դեմ քայլ, որը քաղաքական տեսակետից լիովին կհամընկնի «Մաքսային միության իդեոլոգի՝ պուտինյան Ռուսաստանի այն մոտեցմանը, որ հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը մեծացնի, ավելին՝ այն, ինչ անում է, նրանց դիտարկելով որպես արտասահմանյան գործակալներ»:


Տիգրան Քոչարյանն ասաց, որ այն կարծիքին չէ, թե հասարակական կազմակերպությունները բաց են: «Ես դեռևս բավական բաց արդյունքներ չեմ տեսել մեր օլիգարխ գրանտակերների մոտ, ով ինչքան գումար է ստանում տարեկան, որովհետև ստեղից–ընդեղից է գալիս, հիմնականանում ամերիկյան կողմից, բայց դեռ որևէ հասարակական կազմակերպություն իր «ատչյոտը» բաց չի դնում»,- ասաց բլոգերը:


Բլոգերը կրկին հավելեց, որ նույն ԱՄՆ-ում ոչ կառավարական կազմակերպություններն ունեն «արտսահմանյան ագենտի» կարգավիճակ և խստորեն վերահսկվում են:


«Եթե պետությունը մտածում է իր անվտանգության մասին, ապա կազմակերպությունների նկատմամբ, որոնք արտերկրի հետ համագործակցում են, նրանց նկատմամբ վերահսկողություն պետք է սահմանվի: Ես չեմ ասում՝ փակվի, բացվի, բայց վերահսկողություն պետք է»,- ընդգծեց Տիգրան Քոչարյանը՝ ավելացնելով, որ ինքը շատ հաճախ չի հասկանում, թե նրանցից ոմանք ինչով են զբաղվում, ինչի՞ համար են զբաղվում:


Ավելին՝ ըստ նրա՝ ՀԿ–ներից մի քանիսը ուղղակի որպես իրենց բիզնես են դիտարկում իշխանություններին վիրավորելը, այսինքն՝ իրենք չեն կարող առանց վիրավորելու, որովհետև դրանից հետո իրենց դրամաշնորհները կկտրվեն:


«Մի օրինակ բերեմ. անցյալ տարի նույն ԱՄՆ դեսպանատուն ներկայացվել էին հաշվետվություններ, որ Հայաստանը մամուլի ազատության առումով նույնպիսի անազատ երկիր է, ինչպես Ադրբեջանը: Ադրբեջանը, որը Հայաստանի հետ բացարձակ համեմատելի չէ, որովհետև այնտեղ լրագրող են բռնում, ծեծում, ջարդում, սպանում: Ուղղակի մարդիկ, եթե գրեն, որ նորմալ է, գրանտատու կազմակերպությունները կմտածեն, որ, հա, այդ հարցով գրանտի հարցը փակված է: Ստեղ մարդիկ աշխատավարձ են ստանում, «Ջիփ» առնում, քշում, ինչո՞ւ պետք է այդ ամեն ինչից զրկվեն …»,- հարցրեց Տիգրան Քոչարյանը:


Ավելին, ըստ նրա «գրանտների» ոլորտում ուղղություններ կան, որտեղ Հայաստանում «գնում է օլիգարխացում»: Այդ ուղղություններն են՝ բնապահպանությունը, կրոնական և սեռական փոքրամասնությունները, որտեղ անծանոթ մարդ ուղղակի որևէ մեկը չի կարող մտնել: Այնտեղ բլոգերի պատկերավոր ներկայացմամբ՝ ամեն մի ճյուղի վրա նստած է գրանտակեր մի հինգ-վեց կազմակերպություն:


Իսկ «գրանտատու» կազմակերպություններն էլ երկու նպատակ են հետապնդում՝ այդ դրամաշնորները տրամադրելով. քաղաքական և տնտեսական: Քաղաքականը երկրի վրա ճնշում գործադրելն է, իսկ տնտեսականը՝ սեփական գրպանները լցնելը՝ գործողված փորձագետների միջոցով:


«Օրինակ՝ 100 հազար դրամաշնորհի 60 -70 հազար գնում է իրենց էքսպերտների աշխատավարձերի վրա: Օրինակ՝ տալիս են օրական 1000 դոլարանոց կամ եվրոյանոց կոնսուլտացիաներ, մի ամիս իրականացնում է խորհրդատվություն, գնում է: Ես նման կազմակերպությունում աշխատել եմ»,- ասաց Տիգրան Քոչարյանը և ավելացրեց, որ Հայաստանում առկա երիտասարդների հակառուսական սերնդի առկայությունը նման նախագծերի ու դրամաշնորհների արդյունք է:


Ըստ նրա, բացառությամբ մի քանի ազնիվ կազմակերպությունների, մյուսները որևէ այլ նպատակ չեն հետապնդում:


Ինչ վերաբերում է դրամաշնորհները տված երկրներին, ապա ըստ բլոգերի՝ կան հիմնադրամներ, որոնք պայքարը տանում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ՝ կրոնական փոքրամասնությունների անվան տակ, կան հիմնադրամներ, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայից և որոնց նպատակը այստեղ Հայաստանում արտագաղթի տրամադրություններ առաջացնելն է: