Աշխարհում հաստատվել է քսակի համակարգը, ու իշխում է մի կրոն՝ փողը. Աշոտ Մանուչարյան

15:28 • 29.10.13

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում հաստատվել է փլուզման համակարգ՝ քսակի համակարգը և իշխանությունն անցել է քսակի ձեռքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով մինչ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնման մասին խոսելը, անհրաժեշտ համարեց ընդհանրական հայացք նետել՝ ներքին քաղաքական իրադրություններն ավելի լավ հասկանալու համար:


«Այդ համակարգը Հայաստանից ստանալու ինչ-որ բաներ ունի՝ տնտեսական ու քաղաքական ոլորտում: Քաղաքական ոլորտում դա այն է, որ երկիրը ծառայի համակարգին ու նրա նպատակներին, տնտեսական ոլորտում հումք մատակարարի ամենաէժան գներով, այսինքն՝ մարդ մատակարարի՝ խելացի ու տաղանդավոր: Երկրում գործող տնտեսական համակարգերը փոշեկուլի նման պետք է քաշեն ու հարստությունը ուղղեն քսակի համակարգի հիմնական երկրներ: Այդպես էլ անում են մեր օլիգարխները, որ հարստությունը քամում են երկրից ու հետո ոչ թե դնում են գործարան են կառուցում, որ գոնե ժողովուրդը աշխատի, այլ արտասահմանյան բանկերում են պահում: Հայաստանը ֆինանսավորում է արտաքին աշխարհը, 40-50 մլրդ դոլարի ներդրում ենք արել արևմուտքում և 5 մլրդ դոլար էլ դեռ պարտք ենք»,- ասաց նա:


Ըստ Աշոտ Մանուչարյանի, որպեսզի այս ամենի դեմ ընդվզում չլինի, կատարվում է բզկտման պրոցես՝ երկիրը բզկտվում է մինչև վերջին կաթիլը:


«Մենք իրար ենք հոշոտում: Ամեն լրատվամիջոց գիտի, թե ում պետք է հոշոտի կամ գովաբանի և մենք ոչնչացնում ենք մեր դիմադրության ցանկացած պոտենցիալը: Եթե երկրից պահանջվում է մի բան կատարել, ապա նա դա պետք է անի ելնելով քսակի փիլիսոփայությունից: Ամեն մի շրջանակ մյուսներից ինչ-որ բանով նեղվում է, բզկտոցը կատարվում է ինչպես կուսակցությունների միջև այնպես էլ, դրանց ներսում: Դուք այսօր խաղաղ կուսակցություն չունեք, ամեն մեկը փորձում է առաջ գնալ»,- ասաց նա և բացատրեց, որ դա պայմանավորված է նրանով, որ բոլորը ընդունել են մի կրոն՝ փողը, որի հավատացյալներն են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, պետական աշխատողները, հասարակ քաղաքացիները, նրանք ձգտում են փող կուտակել ու հաճույք ստանալ:


Ինչ վերաբերում է վերածնված ՀՀՇ կուսակցությանը, ապա Աշոտ Մանուչարյանի կարծիքով այստեղ այլ խնդիրներ են, մասնավորապես այն, որ մարդիկ կապվածություն ունեն կուսակցության հետ, հիշողություններ...


Աշոտ Մանուչարյանի համար այսօր Հայաստանում հետաքրքրություն են առաջացնում միայն ազատամարտիկները, քանի որ նրանց սկսած գործընթացը բոլորովին այլ է և տարբերվում է մյուսներից:


«Նրանց սկսած գործընթացի տրամաբանությունը դեմ է այս քսակի համակարգին: Նրանք կերակրատաշտի մոտ նստելու հայտ չեն ներկայացնում, այլ փորձում են օգնել այս երկրին: Ես էլ՝ որպես քաղաքական գործիչ, այսօր հենց նրանց կողքին եմ»,- ասաց նա: