Երթ՝ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով (լուսանկարներ, տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ այսօր Ազատության հրապարակից մեկնարկել է երթ՝ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով:
Երթի մասնակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր: Ինչպես հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը՝ իրենք գնում են նախագահին խնդրելու իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը:
«Այսօրվա մեր երթի նպատակն է նախագահին ներկայացնել մեր մտահոգությունները: Հրաչ Մուրադյանի տեսակով է, որ մեր երկիրը երկիր է դարձել, հենց այս տեսակի դեմ էր ուղղված այդ սպանությունը, ոչ թե Հրաչ Մուրադյանի: Պետությունը պետք է իր վրա վերցնի նման մարդկանց ապահովությունը, այլ ոչ թե խրախուսի, որ ստահակների մի խումբ կարողանա վերացնել այդ տեսակին»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվեց ս.թ.ապրիլի 2-ին՝ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց:
Այս պահին երթի մասնակիցները Հրաչ Մուրադյանի նկարներով և «Ապահով երկրում հերոսներին սպանում են», «Պահանջում ենք արդարություն», «Բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը» բովանդակությամբ պաստառներով շարժվում են դեպի նախագահական նստավայր, որտեղ նամակ պետք է հանձնեն:
Նշենք, որ երթին մասնակցում են դաշնակցականներ, պռոշյանցիներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ:












