Մոտ 8000 քաղծառայողի աշխատավարձ կբարձրանա. Մանվել Բադալյան
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հավատացնում է, որ քաղծառայողները շատ վաղուց էինք սպասում իրենց աշխատավարձերի բարձրացմանը, որը վերջին անգամ 2007 թ-ին է բարձրացել։
«Այս մասին խոսվում էր, և, փառք Աստծո, այս տարի նման հնարավորություն կունենանք: Կբարձրանա մոտ 8000 քաղաքացիական ծառայողի աշխատավարձեր, նրանց միջին աշխատավարձը կդառնա 240-250 հազար, նախկինում 120 հազար էր»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա:
Մանվել Բադալյանը նշեց, որ քաղաքացիական ծառայության բազա կա, և ըստ այդմ էլ քաղծառայությունն ունի պաշտոնների տասնմեկ մակարդակ իր գործակցով։ «Հիմա բազային աշխատավարձ կսահմանվի 66 հազարի կարգի ու քաղծառայողներն իրանց ստաժով պայմանավորված հավելումներ կունենան»,- ասաց նա:
«Ես չեմ վախենում ու ասել եմ, որ պետական պաշտոնյաները համարժեք վարձատրություն չէին ստանում, մենք վաղուց պիտի այս քայլին գնացած լինեինք, որովհետև այս քայլով շատ խնդիրներ կլուծեինք: Նախկինում տնտեսական խնդիրներ չկային, ես կցանկանայի, որ է՛լ ավելի բարձրանար, արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար բավարար չէր»,- նշեց նա:
Ըստ Բադալյանի՝ անհամարժեք է պատգամավորի աշխատավարձը ու այն պետք է ավելի բարձր լինի փոխնախարարի աշխատավարձից։ «Որովհետև մեր երկրի օրենսդիր մարմիններն են, որտեղ գրվում են»,- ասաց նա։
Հարցին, թե նա գոհ է իր աշխատավարձից, Բադալյանը պատասխանեց, որ դժգոհ է։ Նա նշեց, որ իր աշխատավարձը 300 հազարից, կդառնա 650 հազար դրամ։ «Իմ աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը ավելի բարձր եմ գնահատում, քան կլինի»,- նշեց նա։










